Խաշթառակցի 5 երեխաների մայրը, ով հղի էր, կորցրել է երեխային, իսկ տատիկի արյան մեջ ևս մկնդեղ է հայտնաբերվել. տատիկն ընտանիքի մասին նոր մանրամասներ է հայտնել – ԼՈՒՐԵՐ24.AM

Խաշթառակցի 5 երեխաների մայրը, ով հղի էր, կորցրել է երեխային, իսկ տատիկի արյան մեջ ևս մկնդեղ է հայտնաբերվել. տատիկն ընտանիքի մասին նոր մանրամասներ է հայտնել

Տավուշի մարզի Խաշթառակ համայնքի հայտնի ընտանիքի երեխաները շարունակում են հիվանդանոցում մնալ: Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց երեխաների տատիկը:

«Երեխաները հիմա իրենց լավ են զգում, սիստեման անջատել են, ներարկիչով են ստանում դեղերը, որպեսզի երակները նորից չծակեն: Դեռ չգիտենք, թե որքան կմնանք հիվանդանոցում, երկուշաբթի օրը պարզ կլինի»,- ասաց տիկին Էմման:

Նա նշեց, որ ինքը ևս բուժում է ստանում. «Իմ մոտ էլ նույն ախտանշանները կար՝ ձեռքերիս ու ոտքերիս կապտուկներ, նույնը, ինչ երեխաների ու ամուսնուս մոտ: Սննդի միջոցով է անցել: Ես նախորդ ուրբաթ օրը եկա իբր երեխաներին պահելու, էն էլ էստեղ վատացա, ստուգեցին, տեսան, որ իմ մոտ էլ թունավորում կա»:

Անդրադառնալով 5 երեխաների մոր առողջական վիճակին ու հղիությանը՝ երեխաների տատիկն ասաց, որ նա ևս Երևանում է. «Հեսա գալու է, որ երեխաներին տեսնի: Հղիությունը հիմա չկա, սկզբում ասել էին որ հղի է, բայց հիմա թեստը բացասական է եղել, ինքը չի ստել, որ գնացել է, ասել են հղի ես, երևի ծանր գործեր շատ է արել դրա համար կորցրել է երեխային»:

Նա նաև նշեց, որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ինքը տուն է գնալու, իսկ երեխաներին տեղափոխելու են մանկատուն. «Այս վիճակում ես չեմ ուզում տուն տանեմ, ավելի լավ է մանկատանը լինեն, հետո տեղափոխեն մեր Իջևանի «ՍՕՍ» մանկական գյուղ»:

Կինը նաև նշեց, որ ամուսնուց, ով ևս հիվանդանոց է տեղափոխվել և նրա արյան մեջ մկնդեղ է հայտնաբերվել, որևէ տեղեկություն չունի, իրեն տեղեկություն չեն հայտնում, բայց գիտի, որ վիճակը ծանր է:

Խաշթառակ համայնքի ղեկավար Անդրանիկ Վիրաբյանն էլ ArmDaily.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ընտանիքի անդամներից միայն մահացած երեխայի հայրն է այս պահին համայնքում գտնվող իրենց տանը:

Հիշեցնենք, Տավուշի Խաշթառակ գյուղում 58-ամյա տղամարդը դաժան ծեծի էր ենթարկել իր 4-ամյա և 6-ամյա թոռներին։

6-ամյա երեխան հիվանդանոցում մահացել էր։

Ընտանիքի մյուս 5 երեխաները ևս տեղափոխվել էին Մուրացան հիվանդանոց։ Նրանց արյան մեջ մկնդեղ էր հայտնաբերվել:

Երեխաների պապը օրեր առաջ տեղափոխվել է Արմենիա ԲԿ, որտեղ վերջինիս արյան մեջ մկնդեղ են հայտնաբերել։

Հավելենք, որ 57-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, վերջինս կալանավորվել է: Նրա 28-ամյա դստերը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Խոշտանգում, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ, անչափահասի կամ հանցավորից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի, ինչպես նաև առևանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ)։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը չի բավարարվել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով