Հայաստանը և տարածաշրջանը մեծ վտանգների են դիմակայում, ժամանակն է, որ բարձրացնեք ձեր ձայնը ու պաշտպանեք ճշմարտությունը. ՀՀ նախագահը Alghad TV-ին տված հարցազրույցում դիմել է արաբական աշխարհին – ԼՈՒՐԵՐ24.AM

Հայաստանը և տարածաշրջանը մեծ վտանգների են դիմակայում, ժամանակն է, որ բարձրացնեք ձեր ձայնը ու պաշտպանեք ճշմարտությունը. ՀՀ նախագահը Alghad TV-ին տված հարցազրույցում դիմել է արաբական աշխարհին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել արաբալեզու Alghad TV հեռուստաընկերությանը` անդրադառնալով Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը:

Ընդգծելով, որ պատերազմական գործողությունները սկսել է Ադրբեջանը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ այդ երկրի կողմից ներկայացվող՝ հարձակման արդարացումը, թե իբր ազատագրում են Լեռնային Ղարաբաղը, որևէ քննադատության չի դիմանում: «Դա բացարձակ անհեթեթություն է: Իրականությունն այն է, որ ազատագրում ասելով նկատի ունեն, որ եկել են այդ տարածքից հայերին մաքրելու, այսինքն՝ էթնիկ զտում իրականացնելու: Նրանք ցանկանում են բոլոր հայերին դուրս հանել և ստանալ տարածքը: Այլ կերպ ասած, նրանց համար սա պատերազմ է հողակտորի համար,-ասել է նախագահը: -Արցախի հայերի համար սա կռիվ է սեփական կյանքի, արժանապատվության, հազարավոր տարիների պատմության համար: Սա պայքար է իրենց ընտանիքների, երեխաների համար, մարդու իրավունքի համար՝ ապրելու այնտեղ, որտեղ ապրել ես հազարավոր տարիներ: Սա է պատճառը, որ այս մարդկանց հնարավոր չէ հաղթել»:

Պատասխանելով հարցին, թե ով է հաղթում պատերազմում՝ Հայաստանի նախագահը նշել է, որ պատերազմում հաղթելու սահմանումը երկու կողմերի համար տարբեր է. «Հայերը հետաքրքրված չեն Ադրբեջանի հետ պատերազմով, քանի որ Արցախի Հանրապետության հայերը որևէ մտադրություն չեն ունեցել ներխուժել Ադրբեջան: Նրանք ունեն իրենց հայրենիքը, նրանք կենտրոնացած են իրենց երկիրը կառուցելու վրա: Նրանք պատերազմ սկսելու մտադրություն չեն ունեցել, և նրանց համար պատերազմում հաղթելը նշանակում է պաշտպանել հայրենիքը,-ասել է Արմեն Սարգսյանը: -Ադրբեջանական կողմի համար պատերազմում հաղթելը նշանակում է սպանել բոլոր հայերին կամ քշել նրանց այդ տարածքից, նույնը, ինչ տեղի ունեցավ հայերի հետ 105 տարի առաջ Օսմանյան կայսրությունում: Սա Հայոց ցեղասպանություն իրականացնելու մեկ այլ փորձ է՝ այս անգամ Արցախում: Եվ նույն Թուրքիան հիմա մասնակցում է այս ամենին: Թուրքիան ոչ միայն աջակցում է Ադրբեջանին, այլև ներկա է, ակտիվ ներգրավված է պատերազմում»:

Լրագրողի այն դիտարկմանը, թե Թուրքիան իր ներգրավվածության վերաբերյալ հակասական հայտարարություններ է անում, նախագահ Սարգսյանը նշել է, որ այն, ինչ արվում է Թուրքիայի կողմից՝ մարդկանց հիմարացնելու փորձ է. «Նրանք Ադրբեջանին ռազմական տեխնիկա են տրամադրում, ընդհուպ մինչև F-16 կործանիչներ, որոնք օգտագործվում են Արցախում: Եվ որ ամենավատն է, նրանք իրենց հետ բերել են իսլամիստ վարձկան ահաբեկիչների: Սա միայն իմ խոսքերը կամ լրագրողական խոսքեր չեն, սա փաստ է, որի մասին բարձրաձայնել են մի քանի պետություններ և նրանց հետախուզական ծառայությունները: Սա փաստ է՝ Թուրքիան ներգրավված է, և այդ ներգրավվածությունն այսօրվա պատերազմն ավելի բարդ է դարձնում»:

Նախագահն ասել է, որ Թուրքիան ցանկանում է ավելի կարևոր գործոն դառնալ աշխարհում և պարտադրում է իր ներկայությունը Կովկասում՝ փորձելով վերացնել գոյություն ունեցող ստատուս քվոն ոչ միայն Արցախի և Ադրբեջանի միջև, այլև առհասարակ Կովկասում: Հայաստանի նախագահն առանցքային է համարել Թուրքիայի մասնակցության դադարեցումը և այդ հարցում կարևորել է միջազգային հանրության, միջազգային կազմակերպությունների և ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների դերը: «Ակնհայտ է, որ հրադադարի, խաղաղության և բանակցությունների վերսկսման ուղին Մինսկի խմբի համանախագահությունն է: Սակայն այդ գործընթացը սկսելու, հրադադար հաստատելու, որոշակի վստահություն ձևավորելու համար պետք է բացառել Թուրքիայի գործոնը: Թուրքիան Մինսկի խմբի համանախագահող անդամ երկիր չէ: Նա փորձում է իր ներկայությունը կարևոր դարձնել, փորձում է պնդել, որ իր ասելիքն ունի այս հարցում, սակայն այդ ասելիքն ապակայունացնող է,-ընդգծել է նախագահը: -Համանախագահող երեք երկրներն ունեն շատ կարևոր և կառուցողական դեր այս հարցում: Նրանք մեկ նպատակ ունեն՝ վստահություն ձևավորել, ավարտել այս բանակցությունները և ունենալ բանակցված խաղաղություն: Սակայն Թուրքիան բնավ էլ այս նպատակը չունի, ուստի չի կարող ո՛չ միջնորդ լինել, ո՛չ էլ խաղաղ գործընթացի մաս կազմել»:

Լրագրողի առաջարկով դիմելով արաբական աշխարհին՝ նախագահ Սարգսյանը նշել է. «Հայաստանը, այս տարածաշրջանը դիմակայում է մեծ վտանգների, և ժամանակն է, որ բարձրացնեք ձեր ձայնը և պաշտպանեք ճշմարտությունը, կայունությունը ու խաղաղությունը տարածաշրջանում»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 10-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 415 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար`Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով