Շուշին բավականին երկար էին պահում, բայց ինչ-որ պահի դադարեցին պայքարել. Սեմյոն Պեգով – ԼՈՒՐԵՐ24.AM

Շուշին բավականին երկար էին պահում, բայց ինչ-որ պահի դադարեցին պայքարել. Սեմյոն Պեգով

Շուշին բավականին երկար էին պահում, բայց ինչ-որ պահի դադարեցին պայքարել. Սեմյոն Պեգով

 

Ռուսական WarGonzo նախագծի հեղինակ, զինթղթակից Սեմյոն Պեգովը, որն արցախյան պատերազմի գրեթե ողջ ընթացքում իրավիճակը լուսաբանել է առաջնագծից, հյուրընկալվել է Սեմյոն Բաղդասարովի՝ Соловьёв LIVE յութուբյան ալիքով հեռարձակվող հաղորդմանը:

 

 

 

Ռուս լրագրողը ներկայացրել է, թե ինչպես են Արցախի պաշտպանության բանակի զինվորները պայքարել թուրք-ադրբեջանական ուժերի դեմ Հադրութում, Շուշիում և ինչպես են խոչընդոտել նրանց տեղաշարժը Հադրութից Շուշի տանող «Դժոխքի ձորով»:

 

 

 

 

 

«Որպես իրավիճակը ներսից տեսած մարդ կարող եմ ասել՝ վստահ եմ, որ հնարավոր էր շարունակել պայքարը Շուշիի համար: Անգամ հայտնի հայտարարության հրապարակումից հետո Շուշիում շարունակում էին մնալ Արցախի ՊԲ-ի որոշակի ստորաբաժանումներ, որոնք և՛ մարտեր էին վարում, և՛ պատրաստ էին պաշտպանել քաղաքը այն խմբավորումներից, որոնք այնտեղ հայտնվել էին «Դժոխքի ձորով»»,- նշել է Պեգովը:

 

 

 

Լրագրողը հավելել է, որ «Դժոխքի ձորի» հետ կապված մտահղացումն աշխատում էր, և հայկական ուժերը կարողանում էին վերահսկել այդ ճանապարհով առաջ շարժվել փորձող ադրբեջանական ուժերի տեղաշարժը։

 

 

 

 

 

«Շուշին իսկապես բավականին երկար էին պահում: Երբ Ադրբեջանը 40 կմ ձգվող նեղ կիրճով իր ստորաբաժանումներն էր փորձում առաջ տանել, հրետանին աշխատում էր նրանց ուղղությամբ, հետախուզությունը ևս վերահսկողության տակ էր պահում այդ գործընթացը: Չգիտես ինչու ինչ-որ պահի, կամ հրաման էր տրվել, կամ տեսադաշտից բաց էին թողել իրավիճակը, գուցե երբ քաղաք կարողացել էին մտնել որոշ խմբեր, սակայն ինչ-որ պահի ահաբեկիչների և թուրք-ադրբեջանական ուժերի դեմ դադարեցին պայքարել: Ինձ համար դա մեծ հարց է, և բարդ է ասել, թե ում մեղավորությամբ է դա տեղի ունեցել»,- մեկնաբանել է լրագրողը:

 

 

 

 

 

Վերջինս տեղեկացրել է, որ ադրբեջանցիներին հաջողվել էր դիրք զբաղեցնել քաղաքի մուտքի մոտ, ինչի արդյունքում նրանք կրակ էին բացում քաղաք մտնել փորձող ցանկացած տրանսպորտային միջոցի ուղղությամբ:

 

 

 

«Հնարավոր էր արդյո՞ք մաքրել այդ բոլոր դիպուկահարներին, այո՛ հնարավոր էր, և աշխատանք տարվում էր, այլ հարց է, թե ինչու այդ աշխատանքը կասեցվեց ամենապատասխանատու պահին: Այն պահին ադրբեջանական ուժերի մեծ կուտակումներ Շուշիում չեն եղել»,- հավելել է Պեգովը:

 

 

 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։

 

 

 

 

 

Աղբյուրը՝ Tert.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով