Հրաժարականների շքերթը սկսված է. պատերազմից հետո ովքեր են ազատվել աշխատանքից և ինչ պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում. – ԼՈՒՐԵՐ24.AM

Հրաժարականների շքերթը սկսված է. պատերազմից հետո ովքեր են ազատվել աշխատանքից և ինչ պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում.

Հետպատերազմյա Հայաստանի քաղաքական կյանքում, ինչպես և կանխատեսվում էր, կրքերը թեժ են։ Հրաժարականների շքերթն արդեն մեկնարկել է։

 

Պաշտոնանկություններ Հայաստանում

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից 4-ն արդեն բարձրաձայնել են իրենց անհամաձայնությունը քաղաքական թիմի դիրքորոշման հետ։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը հայտնել է, որ վայր է դնում մանդատը, իսկ Վարդան Աթաբեկյանն ու Թագուհի Թովմասյանը հայտարարել են, որ դուրս են գալիս խմբակցությունից, կլինեն անկախ պատգամավոր։ Խմբակցության մեկ այլ պատգամավոր էլ՝ Լուսինե Բադալյանը հայտնել է, որ եթե քայլեր չձեռնարկվեն, մանդատը վայր կդնի։

 

Եթե Վարդան Աթաբեկյանի խմբակցությունից դուրս գալու պատճառը երեք երկրների ղեկավարների կողմից հայտարարության ստորագրումն էր, ապա մյուս երեք պատգամավորներն հայտարարություններ տարածեցին այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում սկանդալային գրառում արեց։ Նույն պատճառաբանությամբ աշխատանքից ազատման դիմում գրելու մասին էր հայտնել նաև Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը։

 

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանին աշխատանքից ազատելու որոշում ունեմ։ Իսկ ավելի ուշ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հրապարակեց Զոհրաբ Մնացականյանի աշխատանքից ազատման դիմումը։

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ աշխատանքից ազատվել է նաև ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանը։

 

Երեկ սեփական դիմումի համաձայն Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը ազատվել է պաշտոնից։ Փաշայանի ազատման պատճառը առողջական լուրջ խնդիրներն են։

 

Շրջակա միջավայրի նախարարությունում ևս հրաժարականներ կան։ Երեկ հայտնի դարձավ, որ փոխնախարար Իրինա Ղափլանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Վերջինս չէի ներկայացրել հրաժարականի պատճառը։ Դիմում է գրել նաև Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը, ով ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ հայտնել էր, որ պատճառը սեփական կարծիքն ազատորեն արտահայտելն և սկզբունքներին հավատարիմ մնալն է։

 

ՀՀ նախագահը հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը 2020թ. նոյեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատել է Գուրգեն Դալլաքյանին, մեկ այլ հրամանով՝ նույն պաշտոնին նշանակել է Հայկ Բաբայանին։

 

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության փոխգնդապետ Աշոտ Թաշչյանը ևս աշխատանքից ազատման զեկուցագիր է ներկայացրել։

 

Երեկ՝ նոյեմբերի 16-ին, հրաժարականի դիմում է գրել նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանը։

 

ՏՄԱՀԳ Կրթության, առողջապահության և աշխատանքի ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության խորհրդական Տաթևիկ Սողոյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին։ Նա աշխատանքից ազատման դիմումում գրել է. «Գիտակցելով վարչապետի աշխատակազմում իմ գտնվելու անպատեհությունը, ինչպես նաև ականատես լինելով ՀՀ վարչապետի դիվանագիտական պարտությանը, այդ պարտությունը և սեփական պաշտոնավարման անպատեհությունը չընդունելու համառությանը, որի արդյունքում վտանգվում է մեր Հայրենիքի և մեր ապագան՝ համոզմունքներիս հետ անհամատեղելի եմ համարում վարչապետի աշխատակազմում հետագա աշխատանքս և խնդրում եմ ազատել ինձ իմ զբաղեցրած պաշտոնից»։

 

Նշենք, որ մինչ հայտնի հայտարարության ստորագրումը՝ նոյեմբերի 8-ին էլ աշխատանքից ազատման դիմում էր գրել ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը։

 

Այլ հեռացողներ եւս կլինեն

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հրաժարականների շքերթն այսքանով չի ավարտվի։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հարց ուղղեց վարչապետին՝ ե՞րբ պետք է ազատվենք ոչ կառուցողական, ոչ մի քայլեր չանող և մի շարք այլ ոլորտներում։ Ես խոսում եմ այս 2.5 տարվա մասին, ոչ մի կառուցողական քայլեր չարած նախարարներից ու փոխնախարարներից»։ Հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կարվեն հետևություններ. «Ես կոնկրետ ժամկետ չեմ նշի»։ ԱԳՆ-ում բացի Զոհրաբ Մնացականյանից աշխատանքից ազատման այլ դիմումներ ևս լինելու են։ Օրեր առաջ տարածվեց տեղեկություն այն մասին, որ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, սակայն ավելի ուշ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հերքեց լուրը։ Իսկ այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում Նաղդալյանը չմեկնաբանեց, թե արդյոք հրաժարականի այլ դիմումներ ևս եղել են, թե ոչ, նշելով, որ հետևենք պաշտոնական լրահոսին, եթե այդպիսիք լինեն, դրանց մասին պաշտոնապես կտեղեկացնեն։

 

Լուրեր են շրջանառվում, որ առաջիկայում պատրաստվում են հրաժարականներ տալ ՊՆ Դավիթ Տոնոյանը, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ԱԻՆ Ֆելիքս Ցոլակյանը։ Նկատենք, որ երեկվանից արշավ է սկսվել ռազմական ղեկավարների և պաշտպանության ոլորտի պաշտոնյաների հանդեպ, մասնավորապես ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կոշտ հայտարարություններ է արել Դավիթ Տոնոյանի հասցեին, ՊՆ-ն էլ պատասխանել է դրանց։

 

Պաշտոնանկություններ Արցախում

Արդեն իսկ մի շարք պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից։ Արցախի արդարադատության նախարար Սիրան Ավետիսյանը ազատման դիմում է ներկայացրել։ Ավետիսյանն իր հրաժարականի տեքստում, անդրադառնալով պատճառին, նշել է. «Այսպիսի որոշումը պայմանավորված է իմ քաղաքական հայացքներով. այն է՝ մեզ վստահության քվեով օժտած ժողովրդին տված խոստումներին հավատարիմ մնալը, մասնագիտական գործունեության ընթացքում բացառապես ազգային գործունեություն ծավալելը, երկրի կայուն զարգացմանը ծառայելը»:

 

Արցախի անվտանգության գրասենյակի ղեկավար Գագիկ Նազլուխանյանը ևս աշխատանքից ազատման դիմում է գրել, որում նշել է. «Այսպիսի որոշումը պայմանավորված է իմ քաղաքական հայացքներով. այն է՝ մեզ վստահության քվեով օժտած ժողովրդին տված խոստումներին հավատարիմ մնալը, մասնագիտական գործունեության ընթացքում բացառապես ազգային գործունեություն ծավալելը, երկրի կայուն զարգացմանը ծառայելը»։

 

Արցախի ԱԳ նախարարի խորհրդական Հրաչյա Արզումանյանը ազատման դիմում է ներկայացրել, որում նշել է. «Մենք բախվել ենք ազգային դավաճանության, որը հաստատապես կմտնի հայ ժողովրդի պատմության մեջ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գիտակցված դիմել են դավաճանության։ Սա եղել է գիտակցված ընտրություն եւ քայլ։ Որքանով տեղյակ եմ՝ բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունից ոչ մեկը հրաժարական չի ներկայացրել, նրանք էլ դառնում են դավաճանության մասնակից»։

 

Նյութի աղբյուրը armdaily.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով