Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում ընկալել այն իրողությունը, որ իրենից ոչ մեկը ճանապարհային քարտեզ չի սպասում։ Անի Սամսոնյան – ԼՈՒՐԵՐ24.AM

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում ընկալել այն իրողությունը, որ իրենից ոչ մեկը ճանապարհային քարտեզ չի սպասում։ Անի Սամսոնյան

 

365news.am-ի զրուցակիցն է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը

 

-Տիկին Սամսոնյան, վարչապետ Փաշինյանն այսօր ուղերձ է հրապարակել, որտեղ նշել է, որ 6 ամսվա ընթացքում պետք է անի բարեփոխումներ, կառավարություն փոխի, Ընտրական օրենսգիրք փոփոխի, որից հետո կխոսենք հետագայի մասին։ Ձեր կարծիքով` պարոն Փաշինյանին պե՞տք է տալ այդ 6 ամիսը։

 

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում ընկալել այն իրողությունը, որ իրենից ոչ մեկը ճանապարհային քարտեզ չի սպասում։ Որովհետև իրենից այլևս այս հարցում սպասելիք չկա։ Իրենից սպասվում է մեկ բան՝ կամք ցուցաբերել և հրաժարական տալ։ Ճանապարհային այն քարտեզը, որը ներկայացվել է, բնականաբար, երբ կարդում ես, կարող է բավականին բովանդակալից և արդյունավետ քարտեզ լինել, բայց ցանկացած ծրագիր ծրագիր չէ, եթե այն կատարողները չունեն էներգիա, չունեն ռեսուրս և բավական կարողություններ այդ ծրագիրն իրագործելու համար։ Մենք 2,5 տարվա ընթացքում տեսանք, որ ոչ 6 ամիսը անցումային կառավարության, ոչ 1 տարին, երկու տարին լիարժեք իշխանության Նիկոլ Փաշինյանը չկարողացավ օգտագործել իսկապես բովանդակային փոփոխություններ իրականացնելու համար։ Եվ այդ ամբողջ ճշմարտությունը 2020 թվականը բացահայտեց թե համավարակով, թե պատերազմով՝ որ մենք ունեցել ենք ձևի երկիր, շարունակել ենք ձևն ուռճացնել, բայց դրա մեջ չի եղել բովանդակություն։ Իսկ Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ որևէ բովանդակություն չի կարող ստեղծել այս երկրում։

 

-«Լուսավոր Հայաստանն» առաջիկա 6 ամսվա ընթացքում շարունակելու է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարակա՞նը։

 

-Բնականաբար մենք այս պահին ենք պահանջում հրաժարականը, մեզանից պահանջված 7 օրվա ժամկետը ռազմական դրության, որը խնդրել էր Գլխավոր շտաբի պետը, արդեն ավարտվել է, մենք փորձում էինք ռազմական դրությունը հանել, բայց իշխանությունը քվորում չապահովեց։ Իշխանությունը, որը «կարծես թե ոչինչ չի պատահել» դեմքով գալիս է հերթական նիստերին, այլ օրակարգեր է քննարկում, չեմ կարծում, որ առաջիկա 6 ամսվա ընթացքում պետք է շարունակի մնալ։ Մեր գործընկերներն ուղղակի չեն հասկանում, թե երկրում ինչ է կատարվում, կորցրել են իրականության զգացումը, շարունակում են թղթեր հրամցնել հասարակությանը։ Այնինչ իրենք այս ընթացքում գործ ցույց չեն տվել, որ հասարակությունը հերթական թղթին հավատա։

 

-Բայց համաձայն չե՞ք, որ փողոցն այնքան ակտիվ չէ, որ իշխանությունը վախենա ու հրաժարական տա։

 

-Փողոցում շատ չեն և դա նրանից չէ, որ մարդիկ չեն պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Դա նրանից է, որ մարդկանց մտածողության մեջ դեռևս խրված է «սև ու սպիտակի» տարանջատումը։ Եվ մարդիկ, որոնք փողոցում տեսնում են «սևեր», չեն ուզում կանգնել նրանց կողքին։ Եվ սա է պատճառը, որ մարդիկ հրապարակ դուրս չեն գալիս։ Երկրորդ պատճառն այն է, որ կան բավականին զինված խմբեր, տարատեսակ խմբակներ, մարդիկ, որոնք իրենց հետ զենք են բերել պատերազմից, ծայրահեղ ագրեսիվ տրամադրություններ ունեն, այդ զենքը ցանկացած պահի կարող է կրակել։ Այս ամենի պատճառով մարդիկ վախենում են գալ հրապարակ։ Մյուս կողմից մենք չենք ուզում, ամեն ինչ փորձում ենք անել, որ մեր գործընկերներին բացատրենք, որ իրավիճակը եթե չեք հանգուցալուծելու սահմանադրական ճանապարհով, այն ճանապարհով, որը եղավ 2018 թվականին, իրավիճակը մի օր կարող է հանգուցալուծել փողոցը և դա ավելի բացաական ու ավելի վտանգավոր հետևանքներ է ունենալու մեր պետության համար։ Սա պիտի մեր գործընկերները հստակ գիտակցեն։ Այն, որ փողոցը քիչ է դեռ, չի նշանակում, որ մարդիկ համակերպվել են կապիտուլացիայի հետ, զոհվել են մի քանի հազար տղաներ, կորցրել ենք մի քանի հազար քառակուսի կիլոմետր, ունենք փախստականներ, անտուն մնացած մարդիկ, սոցիալական վիճակը ծայրահեղ ծանր է, տնտեսություն չկա, ներդրումներ չեն լինելու, սրանց հետ դժվար է համակերպվել։

 

-Բայց Նիկոլ Փաշինյանի ուղերձից տպավորություն չունե՞ք, մասնավորապես երբ ինքն անդրադառնում է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին ու Կուսակցությունների մասին օրենքի ընդունմանը, որ նա ակնարկում է արտահերթ ընտրությունների մասին։

 

-Ես գիտեմ, որ ոչ միայն այս ճանապարհային քարտեզով, այլև եղել են հաղորդագրություններ ակնարկի տեսքով, որ, այո, արտահերթ ընտրություններ պետք է լինեն։ Ես որքան գիտեմ այդ մասին մեկ անգամ ակնարկել է նաև Նիկոլ Փաշինյանը իր հարցազրույցներից մեկում։ Բայց արտահերթ ընտրություններ հիմա չեն կարող լինել նույն այդ զինված խմբավորումների պատճառով։ Կես տարի հետո Նիկոլ Փաշինյանը չի կարողանալու որպես վարչապետ կայունացնել երկիրը, չի կարող վերացնել հետևանքների որոշակի մասը, որը մեր գլխին բերել է պատերազմը։ Նիկոլ Փաշինյանը չունի կադրային քաղաքականություն, չունի կադրեր։ Որքան էլ նա կառավարությունը մի քանի անգամ փոխի, որպես ղեկավար նա չունի այդ ունակությունը և կարողությունը։ մենք բազմաթիվ ցուցանիշներով սա տեսել ենք։ Մենք տեսանք, որ նա ոչ բանակցային գործընթացում է կարողանում իրեն դրսևորել, մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում իրեն դրսևորել որպես տնտեսական հեղափոխիչ, մենք տեսանք, որ չի կարողանում իրեն դրսևորել որպես պետական ապարատի բարեփոխումների մենեջեր։ Շատ բաներ կարող ենք թվարկել, չի կարողանում ոչ մի հարցում իրեն դրսևորել։ միայն մեկ ունակությունն է լավ, դա լինել հեղափոխական գործիչ, հավաքել մարդկանց, խոսել ինչ-որ բաների մասին, խոսել պատրանքների մասին, սնել մարդկանց այդ պատրանքներով, բայց երկիրը մնա նույն անբովանդակ երկիրը։

 

-Նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկում է Ազգային Համաձայնության կառավարության տարբերակը։ Ձեզ համար դա տարբերա՞կ է։

 

-Նախագահ Սարգսյանը ըստ էության կարծես թե միացել է մեր ճանապարհային քարտեզին՝ նույն բանն է ասում, ինչ մենք։ Պարզապես մենք ասում ենք՝ անցումային կառավարություն, նախագահ Սարգսյանը ընտրել է ավելի ականջահաճո տարբերակ, որ մարդիկ ասեն՝ օ՜, Ազգայի՞ն, և համաձայնություն։ Բայց մեր առաջարկածն է, բնականաբար, այո, հրաժարական և անցումային կառավարություն։

 

-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ իրենք Փաշինյանի հետ պայմանավորվել են, որ Ղարաբաղում պահպանում են ստատուս քվոն, իսկ թե ինչ կլինի առաջիկայում, պետք է որոշել։ Ըստ ձեզ սա նոր պատերազմի տարբերակ չէ՞։

 

-Բնականաբար։ Ինչու՞ է միշտ բանակցություններում խոսվել փոխզիջումների մասին և առաջնային եղել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Որովհետև ցանկացած պարագայում, եթե պիտի գնան փոխզիջումների, պիտի վերջնականապես, ոչ թե ժամանակավոր կամ միջանկյալ, հստակեցվեր կարգավիճակը, որպեսզի փակվեր հաջորդ պատերազմի հնարավորությունը։ Հիմա, քանի որ մենք ունենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանին տվել ենք ավելին, քան բանակցություններով նախատեսված էր տալ, ըստ էության մենք չենք կարող ասել, որ պատերազմ չի լինելու։ Եվ եթե մենք չենք ամրագրում Արցախի վերջնական կարգավիճակը, նշանակում է Ադրբեջանը հետ է գալու մնացած մասի հետևից։ Եվ առհասարակ, ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան։ Այս փաստաթղթով Թուրքիային հաջողվեց ստանալ ճանապարհ, որը ոգևորված անվանում են «Թուրանի դարպասներ», ինչն իհարկե նվաստացուցիչ է, բայց դրանով չեն սահմանափակվելու ոչ Ադրբեջանը, ոչ էլ Թուրքիան։ Մենք ստացել ենք մի փաստաթուղթ, որը մեզ համար ազդակ է նախապատրաստվելու հաջորդ պատերազմին։ Մենք ունենք, եթե դիտարկենք, որ խաղաղապահները 5 տարի են մնալու Արցախում, 5 տարի ժամանակ։ Եվ 5 տարվա ընթացքում պետք է լինի այնպիսի իշխանություն, որը կարողանա մի կողմ դնել այս ամբողջ ցուցամոլությունը, պոռոտախոսությունը, սև ու սպիտակի բաժանումը և կարողանա խելքը գլխին երկիր կառավարել։

 

-Ալիևն արդեն հայտարարել է, որ ինքը որևէ կարգավիճակ չի պատկերացնում Լեռնային Ղարաբաղի համար, բացի Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ որպես սովորական հող։ Ի՞նչ իշխանություն պիտի գա, որ կարողանա փոխել Ալիևի այս համոզմունքը։

 

-Գիտե՞ք, Ալիևը մի նախագահ է, որին հաջողվեց կապիտուլացիայի թուղթ պարտադրել ՀՀ վարչապետին։ Եվ ամեն ինչ կարող է հայտարարել։ Այս փաստաթուղթը պատերազմի վերջնական ասելիքը չէ, այս փաստաթուղթն ունենալու է հետևանքներ և դրանցից մեկը պատերազմն է։ Հիմա թե 5 տարվա ընթացքում մենք ինչպիսի ռազմավարություն և մարտավարություն մշակենք, ինչպես աշխատենք Ռուսաստանի հետ, դա արդեն կախված է մեր հեռատեսությունից և մեր կամքից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով