Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը լրագրողների հետ այսօր՝ նոյեմբերի 19-ին կայացած հանդիպմանը ներկայացրեց դրամահավաքի արդյունքում կատարված ծախսերն ու օգնության հատկացման հիմնական ուղղությունները։ – ԼՈՒՐԵՐ24.AM

Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը լրագրողների հետ այսօր՝ նոյեմբերի 19-ին կայացած հանդիպմանը ներկայացրեց դրամահավաքի արդյունքում կատարված ծախսերն ու օգնության հատկացման հիմնական ուղղությունները։

«Հայաստան համահայկական հիմնադրամ»-ը սեպտեմբերի 27-ին սկսեց համազգային դրամահավաք-արշավ՝ ի աջակցություն Արցախի։ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաքի շրջանակում արդեն իսկ հավաքվել է 170 միլիոն դոլար։

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը լրագրողների հետ այսօր՝ նոյեմբերի 19-ին կայացած հանդիպմանը ներկայացրեց դրամահավաքի արդյունքում կատարված ծախսերն ու օգնության հատկացման հիմնական ուղղությունները։

 

Պարոն Արշամյան, երեկ Ազգային ժողովում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ հիմնադրամը Կառավարությանը որպես նվիրատվություն գումար է հատկացրել։ Որքա՞ն գումար է նվիրաբերվել Կառավարությանը և ի՞նչ նպատակով։

 

Մեր հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել հավաքագրված գումարի մի մասը փոխանցել Կառավարությանը՝ գնումների գործընթացն ավելի արագ և օպտիմալ կատարելու համար։ Ի դեպ, հոգաբարձուների խորհուրդը, որը ներառում է ոչ միայն պետական այրերին, այլև Սփյուռքի կազմակերպություններին, բարերարներին, որևէ մեկը դեմ չի քվեարկել։ Իսկ Կառավարությանն այդ հատկացումը կատարվել է հոկտեմբերին՝ պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածում։

 

Եկեք այս պահին գումարի չափի մասին չխոսենք, մինչեւ հիմնադրամն աուդիտ չանցնի։ Այս դրամահավաքը տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի կառավարությունների խնդրանքով նաև։ Հիմադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, և պատերազմի այդ պահին շատ էին պահանջները, գնումների կարիքները, հիմնադրամն այդքան մեծ չափի գնումների գործընթացում մտնելու հնարավորություն չուներ։ Կամ էլ պետք է դառնար մեծ նախարարություն՝ հարյուրավոր աշխատակիցներով, ովքեր կսկսեին այդ ծավալի գնումներ կազմակերպել։ Բայց ժամանակի հարց էր նաև, մենք չէինք հասցնելու, քանի որ եթե պետք է ռենտգեն ապարատներ, շտապ օգնության մեքենաներ, որով պետք է շտապ վիրավորներ տեղափոխվեին, վիրահատվեին, անհնար էր դա մեր միջոցներով արագ կազմակերպել։

 

Իսկ ռազմական դրության պայմաններում մեկ անձից գնումները պետությունն ավելի կազմակերպված է անում։ Այդ իսկ պատճառով մենք պատվիրակել ենք Հայաստանի կառավարությանը, օժանդակություն ենք տվել, համաձայնեցրել ենք բոլոր ծախսերը, որոնք պետք է կատարվեն այդ գումարների շրջանակներում։

 

Ի՞նչ բնույթի գնումներ են կատարվել Կառավարությանը փոխանցված գումարով։

 

Կատարվել են փախստականների հետ կապված ամբողջ գործընթացը, առողջապահական ծախսեր։ Պատկերացրեք, առողջապահական համակարգից պետությունը պետք է պատերազմի համար որոշակի գումար կտրեր, տաներ ուրիշ կարիքների համար։ Բայց քանի որ հիմնադրամը գումար է տվել պետությանը, պետությունը կարողացել է այդ համակարգերը պահել։

 

Երբ Ֆինանսների նախարարությունը մեզ կներկայացնի մեր հատկացրած գումարից կատարված գնումների հաշվետվությունը, այն կհրապարակենք մեր կայքում, բոլորը կտեսնեն, որ հիմնադրամին տրամադրված միջոցներից չի տրվել պարգևավճար, աշխատավարձ։ Այս խոսակցությունները պարզապես սովորական մանիպուլյացիաներ են։

 

Նոյեմբերի 9-ին ստորագրված պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո ինչպի՞սի իրավիճակ է նվիրատվությունների առումով։

 

Այո՛, կան հուսախաբումներ։ Ստորագրությունից հետո շատ դանդաղեցին նվիրատվությունների հոսքերը, և բոլորն էլ շոկի մեջ էին։

 

Այս պահին հիմնադրամին փոխանված գումարից որքա՞նն է ծախսվել։

 

Ես այդ գումարների չափը չեմ կարող ասել, բայց այդ գումարի շատ լուրջ մի հատված ունենք դեռ մեր հաշիվներին։ Նաև մեր տեղական մարմինները հիմա էլ շարունակում են իրենց դրամահավաքները և իրենց հաշվիներին էլ բավականին գումար ունեն։ Մեր առցանց նվիրատվությունները շարունակվում են։ Իհարկե, պակասել են։ Պակասել են ոչ թե պատերազմի ավարտի հետևանքով, մինչ դա էր։ Քանի որ դրահամավաքն այնպիսի պրոցես է, որ չի կարող հավերժ գնալ. ունի սկիզբ, պիկ, անկում և կախված նրանից, թե ինչպես ես ներկայացնում քո ծրագրերն ու նպատակները հանրությանը, նորից վերելք։ Կարծում եմ՝ շատ տրամաբանական է դրամահավաքի դանդաղելու և արագանալու պրոցեսը։

 

Նշեմ, որ մենք մոտավորապես գիտենք, որ Միացյալ Նահանգներում առնվազն 250 հազար մարդ է մասնակցել դրամահավաքին, նույնքան էլ Հայաստանում։ SMS հաղորդագրություններն էլ եթե հաշվենք, Հայաստանում պրակտիկորեն չափահաս բնակչությունը ներգրավված է եղել այս դրամահավաքին։ Ասեմ կարևոր մի փաստ՝ հավաքագրված 170 միլիոնից շատ լուրջ հատվածը՝ 60-70 միլիոն դոլարը, հավաքագրվել է Հայաստանում։

 

Այդ դեպքում կմանրամասնե՞ք՝ հիմնադրամը հիմնականում ի՞նչ նպատակով է ծախսել իրեն փոխանցված գումարները։

 

Շատ մեծաքանակ գնումներ են կատարվել՝ դիզելային գեներատորներ, շտապ օգնության մեքենաներ, բժշկական սարքավորումներ, առաջին օգնության պարագաներ, կենցաղային առաջին անհրաժեշտության իրեր, մահճակալներ, վառարաններ, գազօջախներ, մարտկոցներ, լամպեր։ Նաև՝ շարժական լիցքավորման կայաններ են պատրաստել, որը նաև արևային էներգիայով է սնվում։ Հիմա Արցախի կառավարությունից նորից գեներատորներ գնելու պատվեր ունենք, քանի որ եթե գնենք մեծ դիզելային գեներատորներ, կարող ենք մինչ 100 տան հոսանք մատակարարենք։ Դրա կարիքը իսկապես կա, քանի որ Արցախում ենթակառուցվածքներն ամբողջովին վնասված են։

 

Հաշվարկներ կա՞ն, թե այս պահին որքան գումար է անհրաժեշտ Արցախի կարիքները հոգալու համար։

 

Չեմ կարծում՝ այս պահին ամբողջական հաշվարկներ կան։ Այս պահին այդ հաշվարկները կատարվում են Արցախի կառավարության կողմից։ Ես ամեն օր Արցախի պետնախարարից ստանում եմ նամակներ, որով խնդրում են կոնկրետ կարիքների բավարարման համար գնումներ կատարել։ Այնքան մեծ են այդ կարիքները։ Ես կարծում եմ՝ հիմնադրամը պետք է փակի այն բացերը, որոնք չի հասցնի փակի Արցախի կառավարությունը։ Սա ֆորսմաժորային իրավիճակ է, և հրատապ լուծումների կարիք է լինելու։

 

Պատերազմից հետո վերանայվե՞լ են հիմնադրամի գործունեության շեշտադրումները։ Եթե այո, վարչապետի ներկայացրած ճանապարհային քարտեզում ներառված ուղղություններ կա՞ն, որոնք ընդգրկվելու են։

 

Հիմնադրամն արդեն իր տարածքային մարմինների և Արցախի կառավարության հետ քննարկումեր է անում, թե կոնկրետ որ ուղղություններն են առաջանահերթությունները։ Իսկ այդ առաջնահերթություններից են հիմնականում Արցախից տեղահանվածները, ովքեր գտնվում են Հայաստանում, այն մարդիկ, ովքեր վերադառանում են Արցախ և, իհարկե, այն մարդիկ, ովքեր հիմա Արցախում ապրում են։ Մի քանի ուղղություններ ենք քննարկում այս պահին։ Առաջինը՝ վերականգման աշխատանքներ, երկրորդը՝ սոցիալական տարբեր ծրագրեր, երրորդը՝ մարդիկ, ովքեր կորցրել են իրենց գույքը, նաև քննարկվում է կոմունալ ծառայությունների հարցը։ Երեկ ես զրուցում էի Ֆրանսիայի մեր տեղական մարմնի ղեկավարի հետ, և իրենք միանշանակ ցանկանում են իրենց դրամահավաքներն իրականացնել հենց այդ ուղղությամբ։ Այսինքն՝ նպաստների տրամադրում, առաջին անհրաժեշտության պարագաների տրամադրում թե՛ Հայաստանում բնակվող արցախցիներին, թե՛ վերադարձողներին։ Մեր ուղղվածությունը գնալու է ուղիղ պատերազմի հետևանքով տուժածներին, վիրավորներին և նրանց ընտանիքներին ամեն կերպ աջակցելուն։

 

Նշվում էր, որ ցանկալի տարբերակներից են ամենամսյա նվիրատվությունները, որպեսզի հիմնադրամի համար կանխատեսելի լինեն սպասվող հոսքերը։ Այդ ուղղությամբ ի՞նչ ակտիվություն կա։

 

Եթե ամեն ամիս այդ փոխանցումները գան, հիմնադրամը գոնե կունենա կանխատեսում, թե մեկ, երկու ամիս հետո ինչքան գումար կունենա և ավելի հեշտ կլինի այդ կանխատեսումների հիման վրա ծրագրեր կազմելը։ Այն ժամանակ, երբ ամենամսյա փոխանցման ծրագիրը հայտարարեցի, դրանից մեկ շաբաթ հետո արդեն 2000-ից ավել մարդ գոնե մեր առցանց դրամահավաքին այդպես միացավ։

 

Նոր ծրագրեր նախատեսվու՞մ են։

 

Մոտ ժամանակներս մոտենում է համահայկական մեծ դրամահավաքը։ Եվրոպական մի շարք երկրներում էլ տեղի կունենան դրամահավաքներ։ Լոս Անջելեսում հեռուստամարաթոնը կկայանա նոյեմբերի 26-ին, բայց 10-12 ժամ տևողությամբ չի լինի, քանի որ շատ հստակ են լինելու նպատակներն ու օգնության ուղղություները։ Իսկ եվրոպական մի շարք երկրներում կլինի դրամահավաք նոյեմբերի 19-22-ը, դրանք կլինեն ֆոնեթոններ։ Այսինքն՝ զանգերով է դրամահավաքը կազմակերպելու։ Օրինակ՝ Շվեդիայից երեկ տեղեկացրել են, որ իրենք դեկտեմբերին կանեն դրահամահավաքը՝ որպես Նոր տարվա նվեր արցախցի երեխաներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով