Ինչու Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մարդաշատ վայրերում ու փակ տարածքներում դիմակ չեն կրում – ԼՈՒՐԵՐ24.AM

Ինչու Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մարդաշատ վայրերում ու փակ տարածքներում դիմակ չեն կրում

Վերջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կինը՝ Աննա Հակոբյանը հայտնվել են հասարակության քննարկումների առանցքում:Այս քննարկումների համար հիմք է հանդիսացել ոչ միայն երկրում ստեղծված իրավիճակը և «Էրատո» ջոկատը, այլ նաև Մովսես Հակոբյանի կողմից արված հայտարարությունները և վարչապետի կողմից դրանց արձագանքը: Բացի այս ամենը, այս օրերին քննարկվում է նաև վարչապետի և նրա տիկնոջ կողմից դիմակ չկրելը:

 

 

Մասնավորապես, կորոնավիրուսի դեռևս մտահոգիչ ցուցանիշների ֆոնին, միայն պաշտոնական հաղորդագրություններին կից լուսանկարներում վերջին օրերին հաճախ կարելի է տեսնել, որ վերջիններս նույնիսկ մարդաշատ վայրերում, որտեղ դժվար է պահպանել սոցիալական հեռավորություն, դիմակ չեն կրում:

 

Վարչապետն ու առաջին տիկինը դիմակ չէին կրում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի արարողությանը ներկա գտնվելու ժամանակ: Հանդիպումների և քննարկումներից մի մասի դեպքում վարչապետը դիմակ կրում է, մի մասի դեպքում՝ ոչ: Աննա Հակոբյանը, որպես «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, այս օրերին Հիմնադրամի սոցիալական հարցերով պատասխանատուների ուղեկցությամբ շրջայց է կատարում ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբին կից, ՀՀ ԱԻՆ-ի վերահսկողությամբ և վարչական շրջանների միջոցով կազմակերպված, ինչպես նաև անհատ բարերարների, կամավորների ջանքերով գործող հումանիտար օգնության կայաններում: Այս հողորդագրություններին կից լուսանկարներում ևս կարելի է տեսնել, որ վերջինս գտնվելով փակ տարածքում, որտեղ այլ անձինք ևս կան, դիմակ չի կրում:

 

 

ArmDaily.am-ի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը նշեց, որ ոչ միայն ելույթ ունենալիս, այլ նաև որևէ միջոցառման մասնակցելիս երկրի ղեկավարը իրավունք ունի դիմակ չկրել:

 

Նշենք, որ պարետի N 253-Ն որոշման 5-րդ կետի «է» ենթակետով սահմանվում է դիմակ կրելը պարտադիր է բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում, բացառությամբ՝ Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների՝ բացառությամբ հանդիսականների, հյուրերի, լրագրողների և սպասարկող անձնակազմի։

 

Կապ հաստատեցինք նաև Աննա Հակոբյանի գրասենյակի հետ, պարզաբանում ստանալու համար, թե ինչու առաջին տիկինը միջոցառումների և հանդիպումների ընթացքում վերջերս սկսել է չկրել դիմակ, որտեղից աշխատակիցներից մեկը մեզ խնդրեց զանգել մի փոքր ուշ, ինչից հետո չպատասխանեց մեր զանգերին:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով