Կալանքի և ձերբակալության հետ կապված հարցերի վերաբերյալ առանձնացնում ենք դատարանի որոշակի կազմ. Նիկոլ Փաշինյան – ԼՈՒՐԵՐ24.AM

Կալանքի և ձերբակալության հետ կապված հարցերի վերաբերյալ առանձնացնում ենք դատարանի որոշակի կազմ. Նիկոլ Փաշինյան

 

Այսօր կառավարության նիստում քննարկվում էր նաև «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին և անհետաձգելի համարելու մասին հարցը։

 

Հարցի զեկուցող Ռուստամ Բադասյանը նշեց, որ այս փաթեթով ներդնում են 2 ենթամասնագիտացում. «Մասնավորապես մինչդատական վարույթների նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտը և կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացումը»,- ասաց Բադասյանը։

 

Խոսելով նման անհրաժեշտություն առաջանալու հիմքերից՝ Բադասյանը նշեց. «Նախ՝ դատական իշխանության վիճակագրական տվյալները փաստում են, որ քրեական մասնագիտացված դատավորները քննում են նաև այնպիսի գործեր, որոնք վերաբերում են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությանը, կալանքի միջնորդություններ, խուզարկության թույլտվության միջնորդություններ և իրարից էապես տարբերվող երևույթների մասին է խոսքը գնում և մենք կարծում ենք, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն ներկայացնող մասնագիտացումը անհրաժեշտություն է նմանատիպ միջնորդությունների քննության արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից և նաև մեր հակակոռուպցիոն ռազմավարությունից բխում է նաև, որ պետք է ներդրվել մասնագիտացում կոռուպցիոն հանցագործությունների քննության մասով՝ կրկին դրանց քննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով»։

 

Բադասյանը նշեց, որ նախատեսվում է դատավորների թվաքանակի ավելացում. «Մինչև 21 դատավորի հաստիք Առաջին ատյանի դատարանում, 3 դատավորի հաստիք վերաքննիչ քրեական դատարանում»։

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ այս փաթեթն իրենց բարեփոխումների շատ կարևոր մասն է. «Խոսքը գնում է այն մասին, որ մենք ըստ էության կալանքի և ձերբակալության հետ կապված հարցերի վերաբերյալ առանձնացնում ենք դատարանի որոշակի կազմ, որը կքննի միայն այդ կարգի՝ այսինքն մինչդատական վարույթի վերաբերյալ գործեր»։

 

Բադասյանը հավելեց, որ խոսքը վերաբերում է նաև ձերբակալման ոչ իրավաչափ ճանաչելու բողոքարկումներին, օպերատիվ հետախուզական միջոցառումների թույլտվության հարցերին, խուզարկության, ինչպես նաև քննչական գործողություններին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով